Հայաստանում տարեցտարի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի արդյունքում ավելի քիչ դատապարտյալ է ազատ արձակվում։ 2014 թվականին 2013-ի համեմատ 42 դատապարտյալ պակաս է ազատ արձակվել։ Իրավապաշտպանների խոսքով՝ այս վիճակագրությունն ամենավառ ապացույցն է, որ համակարգը Հայաստանում չի գործում։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արմեն Դանիելյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չկան դատապարտյալների գնահատման հստակ համակարգ և չափանիշներ։ Անկախ հանձնաժողովի անդամները թերևս միայն ներքին ձայնով են քվեարկում՝ ենթակա՞ է դատապարտյալը վաղաժամկետ ազատ արձակման, թե՞ ոչ։ Բացի այդ, ըստ իրավապաշտպանի՝ չի գործում նաև դատապարտյալների ռեժիմի փոփոխության ինստիտուտը։
Քննարկմանը ներկա Քրեակատարողական վարչության ներկայացուցիչը չհամաձայնեց բարձրացված հարցերի հետ։ Ըստ նրա՝ եթե պայմանական վաղաժամկետ ազատ արձակվածների թիվը տարեցտարի կրճատվում է, ապա դա միայն նշանակում է, որ դատապարտյալները չեն ուղղվել, հետևաբար ենթակա չեն վաղաժամկետ ազատ արձակման՝ անգամ եթե նրանք դրա պատճառով հացադուլ են հայտարարում։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Աննա Մելիքյանն էլ ուշադրություն հրավիրեց փաստի վրա, որ դատապարտյալի վաղաժամկետ ազատ արձակման հարցում խոչընդոտող դերակատարություն ունի դատախազությունը։ Երբ անկախ հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, դատախազությունը բողոքարկում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշումը՝ պահանջելով նախկին դատապարտյալին վերադարձնել ՔԿՀ։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ մինչդեռ, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը Հայաստանում չի գործում, քանի որ կամք չկա։ Մնացած բոլոր պատճառաբանությունները, թե չափորոշիչներ չկան, դատապարտյալը չի ուղղվել՝ ընդամենը պատճառաբանություններ են։









































