Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններն անվանել է «ամենաամոթալին Ադրբեջանի պատմության մեջ»։ Այս մասին հայտնում է contact.az-ը։
«Դեռևս մինչև ընտրությունները պարզ էր, որ դրանք չեն լինելու ազատ և արդար։ Ազգային խորհուրդն այդ մասին նախազգուշացրել էր։ Ռեպրեսիվ միջավայրը մնացել է նաև ընտրարշավի շրջանում։ Ընտրական հանձնաժողովները մնացել են իշխանությունների վերահսկողության ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։
Ազգային խորհրդի տվյալներով՝ ընտրությունների օրը մասնակցությունն իրականում չի գերազանցել 10 տոկոսը։
Հաղորդվում է նաև, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը, լիովին կեղծված են և ոչ լեգիտիմ։








































