Երեկ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռմբակոծության էին ենթարկել Լիբիայի առաջնորդի նստվայրը Տրիպոլիում, որի հետևանքով մի քանի շենք տուժել էր: Շենքերից մեկն էլ հիմնահատակ էր քանդվել: Այդ ռմբակոծությունից հետո շատերին էր հետաքրքրում, թե արդյոք Մուամար Քադաֆին իր նստավայրո՞ւմ է եղել:
Ուշ երեկոյան Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ Լիբիայի ղեկավարը չի տուժել այդ ռմբակոծության ժամանակ: Նա այս հարձակումը որակել է որպես ահաբեկչություն և սպանության փորձ: Նա հայտնել է, որ ամբողջությամբ ավերվել է ընդունելությունների սրահը և գրադարանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Որոշ տեղեկություններով` Քադաֆին և նրա ընտանիքը կարող էին թաքնվել նստավայրի տակ գտնվող բունկերում:
Երեկվա ռմբակոծության հետևանքով վիրավորվել էր մոտ 50 մարդ, որից 15-ը` ծանր: Լիբիայի հեռուստատեսությունը ցուցադրում էր անչափահասների, որոնք նույնպես տուժել էին այդ ռմբակոծության հետևանքով: Ռմբակոծությունից հետո դադարեցվել է 3 պետական հեռուստաընկերությունների աշխատանքը:








































