Գիտնականները կապ են գտել առաջին երեխայի ծնվելու տարիքի և կնոջ կյանքի տևողության միջև. Նրանք պնդում են, որ 26-30 տարեկանում մայրացած կանայք ավելի շատ են ապրում մնացած կանանց համեմատ: Հետազոտությունը հրապարակվել է BMC Medicine ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 322.972 կին աշխարհի 10 երկրից: Նրանց առողջությանը հետևել են միջինում 12,9 տարի՝ այն պահից, երբ կանայք 50 տարեկան են եղել: Ուսումնասիրությունների ընթացքում մահացել է 14.383 մասնակից, 5938 մահերի պատճառը եղել են ուռուցքային հիվանդությունները, իսկ 2404 մահերինը՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները:
Հետազոտողները վերլուծել են, թե ինչպես են կապված առաջին երեխայի ծնվելու ժամանակ կնոջ տարիքը, նրան կրծքով կերակրելը և վաղաժամ մահվան ռիսկը: Պարզվել է, որ երեխա ունեցող կանայք 20%-ով պակաս են ենթակա հարաբերականորեն վաղ տարիքում մահանալու ռիսկին, իսկ առաջնեկի ծնվելու համար առավել օպտիմալ տարիքը 26-30-ն է, դա վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնում է ևս 8%-ով: Փոքրիկին կրծքով կերակրելը ևս դրական ազդեցություն է ունենում մոր առողջության և նրա կյանքի տևողության վրա:









































