Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կալիֆոռնիայում (ԱՄՆ) 10 տարեկան հասակում մահացել է «Թիլման» անունով հանրահայտ սքեյթբորդիստ շունը։ Անգլիական բուլդոգը տառապում էր սրտի առիթմիայից։
2009 թվականին «Թիլմանը» հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաարագ սքեյթբորդիստ։ Նա 100 մետրը հաղթահարել է 19,678 վայրկյանում։ Երբ «Թիլմանը» վատ է զգացել իրեն, նրան տեղափոխել են անասնաբուժական կլինիկա, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Այդ մասին հայտարարել է բուլդոգի տեր Ռոն Դևիսը. «Նա եղել է իմ լավագույն ընկերը, իմ եղբայրն ու իմ ստվերը։ «Թիլմանը» համայն աշխարհում ժպիտ է առաջացրել միլիոնավոր մարդկանց շրջանում»։
Բուլդոգի մասնակցությամբ ամենահայտնի տեսանյութերից մեկը հայտնվել է 2007 թվականին։ YouTube կայքում այն ունի ավելի քան 20 միլիոն դիտում։ Բացի դրանից՝ տեսանյութն օգտագործվել է Apple ընկերության iPhone-ի գովազդում։ «Թիլմանը» նաև նկարահանվել է Hallmark հեռուստաալիքի Who Let the Dogs ռեալիթի շոուում։













































