Չինաստանը հրաժարվել է մասնակցել Հաագայում Միջազգային արբիտրաժային դատարանի՝ Հարավ-Չինական ծովում վիճելի կղզիների տարածքային պատկանելության վերաբերյալ վարույթին: Պեկինը չի ընդունում այդ հարցով ցանկացած դատավճիռ, հայտարարել է, Չինաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Լյու Չժենմինը: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Չինաստանի դեմ հայց է ներկայացրել Ֆիլիպինները: Պեկինը բազմիցս հայտարարել է, որ վիճելի տարածքները պատմականորեն Չինաստանի տարածքն են, և նա դրանց նկատմամբ անվիճելի իշխանություն ունի:
«Դրանից երևում է, որ Ֆիլիպինների նպատակն է հասնել Չինաստանի իրավունքների հերքմանը և իր իրավունքների հաստատմանը»,- լրագրողներին ասել է դիվանագետը:
Հարավ-Չինական ծովում Սպրատլի արշիպելագի կղզիների նկատմամբ իրենց իրավունքների մասին հայտարարում են Վիետնամը, Չինաստանը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: Կղզիներում հայտնաբերվել են նավթի և գազի խոշոր պաշարներ, և ներկա են նշված երկրների զինծառայողները:
Անցած տարի Չինաստանն արշիպելագի մի քանի խութերից կղզիներ է ստեղծել ռազմական ենթակառուցվածքի տեղակայման համար:








































