Լոս Անջելեսի կենդանաբանական այգին մեծ ուրախությամբ ընդգրկել է հայկական իժի երկու ձագերին իր «Կենդանի երկկենցաղներ, սողուններ և անողնաշարավորներ» (LAIR) ցուցահանդեսային հավաքածուի կազմ։ Ի տարբերություն օձերի մեծ մասի, որոնք ձվադրում են, երկու հայկական էգ իժերը կենդանի ձագեր էին լույս աշխարհ բերել հուլիսի 13-ին և 16-ին։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
LAIR-ի հավաքածուում արդեն 3 տարի ներառված են 4 մեծ հայկական իժեր՝ երկու արու և երկու էգ։ Սակայն դրանց երկու ծիներից լույս աշխարհ եկած 8 ձագերը եղել են առաջին հաջող ծնունդը՝ իժերի բազմացման խթանման տևական անարդյունավետ ջանքերից հետո։
Մասնագետները խոստովանում են, որ դժվար է անազատության մեջ հայկական իժ բազմացնելը, քանի որ նրանք գալիս են լեռնային ձյունոտ միջավայրից։ «Արևոտ Լոս Անջելեսում նրանց բազմացնելու համար մենք ստիպված էինք ստեղծել հայկական խիստ ձմռան պայմաններ»,- ասել է կենդանաբանական այգու Սողունների ու երկկենցաղների բաժնի կուրատոր Յան Ռեքիոն։
Լոս Անջելեսի կենդանաբանական այգին միացել է Սենթ Լուիզի Կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիային Տեսակների գոյատևման ծրագրի շրջանակում՝ փրկելու հազվագյուտ իժին, որի թվաքանակը վերջին 40 տարում կրճատվել է 80 տոկոսով՝ հիմնականում բնակության միջավայրի ոչնչացման պատճառով։












































