Կուբայի շրջափակման վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևը ռեկորդային աջակցություն է ստացել։ Բանաձևին դեմ են քվեարկել միայն երկու երկրներ՝ ԱՄՆ-ը և Իսրայելը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում վերացնել Կուբայի առևտրատնտեսական շրջափակումը, որը սահմանվել էր ավելի քան 50 տարի առաջ։
Փաստաթղթին հավանություն են տվել 191 երկրներ։
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը քվեարկության մեկնարկից առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն խախտում է բոլոր կուբացիների իրավունքները։
Նշվում է, որ 24 տարվա մեջ առաջին անգամ էմբարգոյի վերացման մասին բանաձևի քննարկմանը ոչ մի երկիր ձեռնպահ չի եղել։
Անցած տարի Իսրայելն ու ԱՄՆ-ը կրկին դեմ էին հանդես եկել, սակայն երեք պետություններ՝ Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան և Պալաուն, ձեռնպահ էին մնացել։
Ապրիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում էր ընդունել բացառել Կուբան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից։








































