Հոկտեմբերի 29-ին Վիեննայում սիրիական ճգնաժամի կարգավորման խնդրի շուրջ բանակցություններին կմասնակցի Իրանի ներկայացուցիչը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Տարածաշրջանի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանություններն արդեն հրավիրել են Իրանին՝ մասնակցելու բանակցություններին։
Դեռևս հայտնի չէ՝ Իրանի արտգործնախարարը բանակցություններին ներկա կգտնվի՞, թե՞ ոչ, սակայն այնտեղ հաստատ ներկա կլինի նրա տեղակալը՝ հայտնել է աղբյուրը։
Սա Իրանի իշխանություններին հասցեագրված առաջին հրավերն է՝ Սիրիայի հարցով միջազգային բանակցություններին մասնակցելու համար։ Հարցը քննարկվել է Սաուդյան Արաբիայի հետ, որը ֆինանսավորում է Թեհրանին թշնամի մի քանի խմբավորումների։
Ավելի վաղ Պետդեպում հայտարարել էին, որ Իրանը կարող է Սիրիայի հարցով հոկտեմբերի 29-ին կայանալիք բանակցություններին մասնակցելու հրավեր ստանալ։








































