Ճապոնական առաջատար ընկերությունները՝ Toyota Motor, Nissan Motor, Honda Motor ու Mazda Motor, ամբողջ աշխարհից հետ են կանչում գրեթե 3.4 մլն ավտոմեքենա՝ կապված անվտանգության բարձիկների անսարքության հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ընկերությունների կայքում հրապարակված մամլո հաղորդագրությանն ու Ճապոնիայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությանը:
Ճապոնական գերատեսչության տվյալներով՝ Ճապոնիայի ներքին շուկայում հետ է կանչվել 731 հազար ավտոմեքենա: Պատճառը հետևի նստելատեղի ուղևորների համար նախատեսված անվտանգության բարձիկների անսարքությունն է:
Կան տվյալներ, որ դրանք արտադրել է Takata Corp-ը, սակայն այդ լուրը պաշտոնապես չի հաստատվել:
Հաղորդվում է, որ միայն 1.73 մլն ավտոմեքենա պետք է հետ կանչի Toyota Motor-ը:
Ճապոնիայի շուկայում հետ կկանչվի 320 հազար ավտոմեքենա, այդ թվում՝ Corolla, Brevis, Voltz, Will, Mark II և այլ մոդելներ:
Nissan Motor-ը հետ կկանչի 480 հազար ավտոմեքենա, ներառյալ՝ 137.185 հազար ավտոմեքենա ներքին շուկայում, այդ թվում՝ Cube, X-Trail, Liberty, Teana, Caravan, Bluebird և այլ մոդելներ:
Honda Motor-ը ամբողջ աշխարհից հետ կկանչի ավելի քան 1.13 մլն մեքենա, Mazda Motor-ը՝ 45.46 հազար մեքենա:







































