Ֆոլքլենդյան կղզիների բնակիչները Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորության օրը՝ ապրիլի 17-ին սուգ կհայտարարեն: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Բացի դա, այդ օրը Ֆոլքլենդների վարչական կենտրոնում՝ Սթենլի քաղաքում Թետչերի հոգեհանգստի արարողություն կանցկացվի:
Ինչպես հայտարարել է Ֆոլքլենդյան կղզիների օրենսդիր ժողովի անդամներից մեկը, կղզիների բնակիչները միշտ երախտապարտ կլինեն Թետչերին այն բանի համար, որ նա պաշտպանել է կղզիներն Արգենտինայի ներխուժումից:
Թետչերը, ով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1979-90 թթ, եղել է Ֆոլքլենդյան կղզիների պատճառով Արգենտինայի հետ հակամարտության զինված լուծման նախաձեռնող: 1982 թվականի ապրիլին սկսված պատերազմի հետևանքով Մեծ Բրիտանիան տվել է 258, իսկ Արգենտինան՝ 649 զոհ: Հունիսին հակամարտությունն ավարտվել է բրիտանացիների հաղթանակով:
Ներկայում դեռևս Արգենտինան հավակնում է կղզիներին:Վերջերս Ֆոլքլենդյան կղզիներում անցկացված հանրաքվեի արդյունքում պարզ է դարձել, որ կղզեխմբի բնակիչները ցանկանում են պահպանել բրիտանական տարածք լինելու կարգավիճակը:







































