Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հանդեպ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումը կանխակալ է։ Այդ մասին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հետ հարցերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Սլուցկին գլխավորելու է ԱՊՀ միջխորհրդարանական առաքելությունը, որը հետևելու է Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին։ Սլուցկին հայտարարել է. «Ադրբեջանը զարգացող երկիր է, և այդ երկրի զարգացմանն աջակցելու փոխարեն՝ փորձում են խանգարել նրան։ ԺՀՄԻԳ-ը միայն փորձում է գտնել բացասականը։ Իրականում կառույցն այդպիսի դիրքորոշմամբ աշխատում է իր դեմ, կատարում է պատվեր»։
Սլուցկին հայտարարել է, որ Ադրբեջանի հասարակությունն ու նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն են տալիս նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններին, և որ խորհրդարանական ընտրությունները յուրաքանչյուր երկրում կարևոր հասարակական-քաղաքական իրադարձություն են. «Ադրբեջանն ու ընտրությունները վարկաբեկելու բոլոր փորձերը դատապարտված են ֆիասկոյի»։









































