ԱՄՆ Վայոմինգի համալսարանի գիտնական Թոդ Սուրովելը և նրա գործընկերները հաստատել են, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի մաստոդոնտների և այլ խոշոր կենդանիների ոչնչացման մեջ մեղավոր են եղել հնդկացիների նախնիները, ովքեր Նոր Աշխարհը բնակեցրել են 16-15 հազար տարի առաջ: Այս մասին հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Գիտնականները հանգել են այդպիսի եզրակացության՝ որոշելով այդ կենդանիների ճշգրիտ վերացման ժամանակները Ալյասկայում, Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում, Ամազոններում և Նոր Աշխարհի հարավային մասում:
Կրկնակի հետազոտությունը ցույց է տվել, որ ոչնչացման «ալիքը» շարժվել է հյուսիսից հարավ և հայելային ձևով արտացոլել է այն, թե ինչպես են Նոր Աշխարհով տարածվել մարդիկ:
Օրինակ՝ Ալյասկայում, որտեղ առաջինն են մարդիկ թափանցել, այդ կենդանիները վերացել են մոտ 15-13.3 հազար տարի առաջ, իսկ Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում՝ 13.3-12.9 հազար տարի առաջ, և 12.6 հազար տարի առաջ՝ Հարավային Ամերիկայում: Դա համապատասխանում է այն բանին, թե ինչ հաջորդականությամբ են հնդկացիները թափանցել նոր տարածքներ:









































