ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Facebook-իր էջում գրել է.
«Ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ օլիգարխիայի կողմից հայաստանյան քաղաքական դաշտում մենաշնորհային դիրքերի նվաճումը: Եթե գտնեք այդ հարցի պատասխանը, կհասկանաք, թե ինչով է բացատրվում Գագիկ Ծառուկյանի, Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և մյուսների պահանջվածությունը ներկայիս քաղաքական համակարգի համար:
Միանգամից ասեմ, որ օլիգարխիայի առաջացումը մեր իրականության մեջ պայմանավորված է ձախ գաղափարի և ձախակողմյան քաղաքական շարժման ողբերգական անկումով. 1998-1999թթ. ընտրական ցիկլում արձանագրված ձախ ուժերի փայլուն հաղթանակին հետևեց հոկտեմբերի 27-ի սպանդը Ազգային ժողովում, որին զոհ գնացին «Միասնություն» դաշինքի ղեկավարները՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը, իսկ դրանից ընդամենը մի քանի ամիս հետո՝ 2000 թվականին, Մոսկվայում առեղծվածային հանգամանքներում վախճանվեց ՀՀ Ազգային ժողովում իր ներկայացվածությամբ և կշռով այն ժամանակ երկրորդ քաղաքական ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Սերգեյ Բադալյանը: Այդ ողբերգական իրադարձություններից քիչ անց՝ նույն 2000 թվականին, հասունացող հայաստանյան օլիգարխիայի երեք կարկառուն ներկայացուցիչներ՝ Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն), Անդրանիկ Մանուկյանը (Սերվիզի Անդոն) և Մուրադ Մուրադյանը, Ազգային ժողովից տեղափոխվեցին նախարարական պաշտոնների: Կծիկը բացվեց. նորանկախ հայոց պետականության շրջանում առաջին անգամ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները մուտք գործեցին կառավարություն և ստանձնելով նախարարական պաշտոններ՝ սկիզբ դրեցին պետական իշխանության օլիգարխայնացման ազգակործան գործընթացին:
Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի քաղաքական դաշտի համար այդ կադրային լուծումների ցնցումային նշանակությունը, պետք է նշեմ, որ «Միասնություն» դաշինքի քաղխորհուրդը դեռ մինչև երկրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների սկիզբը հատուկ քննարկել էր իմ առաջարկությունը՝ պատգամավոր ընտրված խոշոր ձեռներեցներին կառավարության կազմում ընդգրկելու աննպատակահարմարության մասին: Հավանություն տալով իմ այդ առաջարկությանը՝ Վազգեն Սարգսյանը քննարկման դրեց պատգամավոր ընտրված և «Միասնություն» դաշինքի ծրագիրն ընդունող խոշոր ձեռներեցներին հատուկ ստեղծվելիք «Կայունություն» պատգամավորական խմբում ընդգրկելու հարցը: Առաջարկության քաղաքական իմաստն այն էր, որ «Միասնություն» դաշինքի ծրագիրն ընդունող խոշոր սեփականատերերը համախմբվեն առանձին պատգամավորական խմբում՝ մասնակցելով խորհրդակցական ձայնի իրավունքով «Միասնություն» դաշինքի պատգամավորական խմբակցության նիստերին և հնարավորություն ստանալով ամենակարճ ճանապարհով իրենց հուզող խնդիրները ներկայացնել երկիրն առաջնորդող քաղաքական ուժին: Այս լուծման իմաստությունը կայանում էր նրանում, որ պատգամավոր ընտրված խոշոր սեփականատերերը հնարավորություն էին ստանում ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին, սակայն մյուս կողմից՝ վերջնական որոշումներ ընդունելու առաքելությունը մնում էր առաջնորդող քաղաքական ուժի բացառիկ պատասխանատվության տիրույթում:
Ասեմ ավելին՝ մինչև հոկտեմբերի 27-ը 24 պատգամավորների համախմբող «Կայունություն» խումբը, որում, ինչպես ես արդեն ասացի, ընդգրկված էին հիմնականում խոշոր սեփականատերերը, ոչ միայն չէր ցուցաբերում նախարարական պորտֆելներին տիրանալու հավակնություններ, այլ իր որևէ անդամով ներկայացված չէր ԱԺ-ի և մշտական խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարության կազմում: Մենք հասկանում էինք, որ այդ մարդիկ՝ որքան էլ նվիրվեն մեր գաղափարներին, «Միասնություն» դաշինքի ծրագրին, օբյեկտիվորեն կաշկանդված են սեփական ունեցվածքային շահերով: Նրանք դատապարտված են առաջին հերթին մտածելու սեփական բիզնեսների մասին, սեփական հարստությունը պահպանելու ու բազմապատկելու մասին, և միայն երկրորդ հերթին՝ ժողովրդի հոգսերի մասին: Հիշում եք՝ Ավետարանում Հիսուսը ի՞նչ պատասխանեց այն մեծահարուստին, որը դիմել էր Նրան ընկերակցելու խնդրանքով. դու կարող ես քայլել Ինձ հետ, եթե նախօրոք քո ամբողջ ունեցվածքը բաժանես ժողովրդին՝ միայն այդ դեպքում կարող ես Ինձ ընկերակցել:
Որպես «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի հրաշքով ողջ մնացած անդամներից միակը, ով առ այսօր, ի հեճուկս դաժան հալածանքների, շարունակում է հրապարակային քաղաքական և քաղաքագիտական գործունեությունը, ով 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա մշակել է «Միասնություն» դաշինքի նախընտրական պլատֆորմը, հայտարարում եմ. «Միասնություն» դաշինքի ծրագիրը իր գաղափարական-քաղաքական ուղղվածությամբ ձախակողմյան էր և արտահայտում էր լայն ժողովրդական աշխատավորական զանգվածների, փոքր ու միջին ձեռներեցների շահերը: Միաժամանակ մենք գիտակցում էինք համազգային համերաշխության մթնոլորտի ստեղծման և երկիրն արդյունավետ կառավարելու նպատակով խոշոր սեփականատերերի, խոշոր բիզնեսի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Այդ նպատակին էր միտված Ազգային ժողովում խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ գործընկերության մեր կողմից ներդրված և հոկտեմբերի 27-ից հետո, փաստորեն, մերժված արդյունավետ մեխանիզմը: Այդ մեխանիզմը մի կողմից նպաստելու էր երկրի տնտեսական զարգացման գործում խոշոր բիզնեսի ակտիվ ու ազգանպաստ ներգրավվածությանը, իսկ մյուս կողմից՝ բացառելու էր քաղաքական և տնտեսական լծակների ուզուրպացման, ճչացող սոցիալական բևեռացման և Հայաստանում օլիգարխիայի առաջացման հնարավորությունը:
Այն ժամանակ Ռուսաստանում խաղի կանոնները թելադրող բերեզովսկիների օրինակից Հայաստանը հեռու պահելու հարցում Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը միահամուռ ու նախանձախնդիր էին: Միաժամանակ նրանց միջև առողջ մրցակցություն կար, ինչը համապատասխանում էր իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքին՝ խթանելով Ազգային ժողովի և կառավարության նախաձեռնողականությունը «Միասնություն» դաշինքի ծրագրային նպատակների սպասարկման գործում: Կ. Դեմիրճյանը համարում էր, որ Ազգային ժողովը պետք է ստանձնի շոգեքարշի դերակատարություն, իսկ Վազգենը ելնում էր այն իրողությունից, որ այն ժամանակ գործող Սահմանադրությամբ կառավարության հնարավորություններն ավելի մեծ էին:
Հիշում եմ՝ 1999 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Վազգեն Սարգսյանը ինձ համոզում էր տեղափոխվել կառավարություն՝ ստանձնելով իր քաղաքական խորհրդականի պաշտոնը: Եթե ես համաձայնվեի, ինչպես առաջարկում էր Վազգեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ին կառավարության շենքի իր կաբինետում կայացած մեր երեքժամանոց առանձնազրույցի ժամանակ, վարչապետը մտադիր էր կառավարությանն առընթեր ստեղծել քաղաքականության գաղափարական ծրագրավորման հարցերով պետական վարչություն՝ ենթարկելով այդ նորաստեղծ կառույցին՝ դրա ստորաբաժանումների կարգավիճակով, կառավարությանն առընթեր գործող մյուս գաղափարական ոլորտի վարչությունները՝ արտաքին հարաբերությունների, ինֆորմացիայի և լրատվության, հասարակության հետ կապերի: Ինձ առաջարկվում էր վարչապետի քաղաքական հարցերով խորհրդականի պարտականությունների հետ մեկտեղ ստանձնել նաև այդ կառույցի ղեկավարի պաշտոնը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ՀԺԿ քաղաքական քարտուղարն էի և ընտրվել էի ԱԺ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարով, Վազգեն Սարգսյանի այս առաջարկությունը փաստում էր մի կողմից «Միասնություն» դաշինքի երկու առաջնորդների լիակատար գաղափարական ընդհանրությունը, և մյուս կողմից՝ այն, որ Վազգեն Սարգսյանը լիովին կիսում էր ՀԺԿ գաղափարական-քաղաքական մոտեցումները, ՀԺԿ ծրագրում ամրագրված ժողովրդական սոցիալիզմի տեսլականը՝ այլապես նա չէր առաջարկի ՀԺԿ քաղաքական քարտուղարին համակարգել իր կաբինետի քաղաքականության գաղափարական ծրագրավորման աշխատանքները: Չնայած վարչապետի առաջարկությունն ինձ ոգևորեց՝ բացառիկ վստահության ապացույց էր, ես այն համոզմունքին էի, որ այդ նույն ծրագիրը կարելի է ավելի արդյունավետ կյանքի կոչել Ազգային ժողովում, որտեղ առկա են հրապարակային քաղաքականության զինանոցի գործադրմամբ արդյունքի հասնելու եզակի հնարավորություններ: Այդ նկատառումով, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ մինչ այդ Կարեն Դեմիրճյանը հանձնարարել էր ինձ նախապատրաստվել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրությանը՝ ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համապարփակ ծրագիր, ես խոստացա Վազգեն Սարգսյանին՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը, նաև ակտիվորեն նպաստել կառավարության գաղափարական ստորաբաժանումների վերակազմավորման իր ծրագրի իրագործմանը:
Ինչո՞ւ եմ ես այդքան մանրամասն վերհիշում տասնվեց տարիների վաղեմության այս պատմությունները: Ասել կուզեմ, որ հոկտեմբերի 27-ին նախորդած ամիսներին՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ղեկավարության օրոք, «Միասնություն» դաշինքի քաղաքական խորհուրդը դարձել էր գործնական քաղաքական ծրագրերի մշակման լաբորատորիա: Այդ ծրագրերի իրականացման դեպքում երկիրը հետագայում խաղալիք չէր դառնա կեղծ մարգարեների և նրանց օլիգարխահաճո սպասավորների ձեռքում, չէր հայտնվի այսօրվա ողբերգական վիճակում: Հոկտեմբերի 27-ի կրակահերթերը շեղեցին հայոց պատմության ընթացքը, զրկեցին ժողովրդին քաղաքական հեռանկարից և դատապարտեցին ստորաքարշ գոյատևման դառը ճակատագրին՝ թողնելով երբեմնի հպարտ հային օլիգարխների կողմից բաժանվող տուկի թելի և կարտոֆիլի սերմնացուի հույսին:
Լուսանկարը՝ Photolure-ի









































