Հայ ազգային կոնգրեսի անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե պատրաստ է ինքը Կոնգրեսի և իշխանությունների միջև երկխոսության միջնորդ դառնալ, նշեց, որ Կոնգրեսը միջնորդների կարիք չունի:
«Ինքը երբ է կայացել որպես ՄԻՊ, որ այսօր նման բան է հայտարարում: Ավելին, լրատվական դաշտի դեմ այս հալածանքների, դատավարությունների կնքահայրը ինքն է, որ Ռոբերտ Քոչարյանից սկսած դատի են տալիս թերթերին»,- ասաց Մակեյանը: Ըստ նրա` Կոնգրեսը երկխոսությունների համար որևէ միջնորդի կարիք չունի: «Նա չկայացած պատանի է, որին իշխանությունները փորձում են օգտագործել»,- ասաց Մակեյանը։











































