Վերածննդի դարաշրջանի վարպետ Ռաֆայելի «Երիտասարդ տղամարդու դիմանկար» կտավը, որը փորձագետները գնահատել են 100 միլիոն դոլար, գլխավորել է Forbes-ի արվեստի գողացված ամենաթանկարժեք 10 գործերի ցուցակը:
Կտավը պատկանել է հայտնի լեհական տոհմի և առգրավվել է նացիստների կողմից 1939թ.: Երկրորդ աշխարհամարտի ավարտից քիչ առաջ կտավը հայտնվել է շրջափակված Լեհաստանի գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկի ձեռքում: Նյուրնբերգյան գործընթացի նախօրեին հարցաքննությունների ընթացքում նա թվել է այն վայրերը, որտեղ պարտված կողմը թաքցրել է կտավը, սակայն Ռաֆայելի գլուխգործոցն այնտեղ չի եղել: Նկարի հետքը հաջողվում է գտնել միայն 2012թ., հաղորդվում է, որ այն իբրև թե գտնվում է կամ ԱՄՆ-ի, կամ Եվրոպայի տարածքում:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Վան Գոգի «Կակաչներ» կտավը (50 միլիոն դոլար), որը գողացվել է 2010թ. կահիրեի Մուհամմեդ Մահմուդ Խալիլի թանգարանից:
Պիկասոյի «Աղավնին կանաչ ոլոռով» կտավը (28 միլիոն դոլար) կորել է 2010թ. Ֆրանսիայում դարի գողության ժամանակ: Կողոպտիչը Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից գողացել է Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Ժորժ Բրակի, Ամադեո Մոդիլյանիի և Ֆերնան Լեժեի հինգ կտավ: Երբ կես տարի անց կողոպտիչը և պատվիրատուն բացահայտվում են, վերջինս խոստովանում է, որ նկատել է, որ իրեն հետևել են և ոչնչացրել է բոլոր կտավները՝ ներառյալ Պիկասոյի կտավը:
Կարավաջոի «Սուրբ ծնունդ սուրբ Ֆրանցիսկոսի և Լավրենտի հետ» կտավը (20 միլիոն դոլար) կորել է Պալերմոյի Սան Լորենցո մատուռից 1969թ.: 2009թ. հայտնի է դարձել, որ կտավը այրել են:
Սեզանի «Տեսարան դեպի Օվեր Սյուր Ուազ» կտավը (5 միլիոն դոլար) գողացվել է Օքսֆորդի Էշմոլովյան թանգարանից:
Անդարձ կորած է համարվում Հենրի Մուրի «Պառկած ֆիգուր» քանդակը (4.6 միլիոն դոլար), որը գողացվել է 2005թ. անհայտ անձանց կողմից: Մի քանի տարի անարդյունք փնտրտուքներից հետո ոստիկանությունը եկել է այն եզրահանգման, որ քանդակը հանձել են որպես մետաղի ջարդոն:
Տաս ամենաթանկարժեք կորուստների ցուցակում ներառվել են նաև Ստրադիվարիուսի ջութակը (3 միլիոն դոլար), Ռենուարի «Մազերի մեջ ծաղիկներով Մադլենը՝ արմունկին հենված» կտավը (1 միլիոն դոլար), Ֆրանց վան Միրսի «Ասպետ» կտավը (1 միլիոն դոլար) և Բարբարի Հեփուորթի «Երկու ձևեր» արձանը (900 հազար դոլար):









































