«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մեղքի զգացումո՞վ է հանձնում այս կառավարությունը, քանի որ նման իրավիճակում է թողնում երկիրը, որտեղ 36% աղքատության, արտագաղթի և այլ բազմաթիվ խնդիրներ կան: Նա նկատեց, որ երեկ արարողության ժամանակ Տ. Սարգսյանը «տխուր» էր:
Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց Փոստանջյանին նրբազգացության համար, որ մտահոգվում է իր տրամադրությամբ:
«Իհարկե, բազմաթիվ բացթողումներ եղել են: Չկա կյանքում մարդ, որ մեղք գործած չլինի»,- ասաց Տ. Սարգսյանը և հավելեց. «Մենք արել ենք առավելագույնը, որ այդ բացասական երևույթները, որ առկա են ՀՀ-ում, մեղմենք: Ինչ-որ ծրագրեր կարող էինք ավելի արդյունավետ անել, ինչ-որ ծրագրեր կարող էինք անել, որ չենք արել, բայց հիմնական թերացումն այն է, որ չենք կարողացել ձեզ հետ միասին գալ համաձայնության, թե որոնք են այդ խնդիրների բուն պատճառները: Մեր ախտորոշումները իրականությանն ավելի մոտ են, քան ձեր ախտորոշումները: Ամեն դեպքում գնահատականը տալու է մեր ժողովուրդը»:









































