Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում մի քանի օր առաջ ռուսական ռազմաբազայի փորձադաշտում 2 երեխա զոհվեցին: Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց հնչեցրեց՝ ո՞վ է պատասխան տալու և ի՞նչ է նախատեսվում հետագայում նման բան թույլ չտալու համար:
ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՌԴ 102 ռազմական բազան, որ տեղակայված է ՀՀ-ում, ներկայում այն ունի 2 ուսումնական դաշտ՝ հրաձգարան և տանկային դիրեկտրիսա, և այդ հողերի օգտագործման համար գոյություն ունեն համապատասխան պայմաններ. այդ դաշտը 3 կմ լայնությամբ և 9 կմ խորությամբ տարածք է, նրանք զգուշացնում են տեղի բնակչությանը, և տեղանքը շրջափակված է:
«Մեզ համար, իհարկե, ցավալի դեպք է տեղի ունեցել: Մենք ցավակցել ենք ՌԴ ԱԳՆ-ի միջոցով: Ռազմաբազայում նոր հրամանատար է նշանակվել, և տեղաբնակչությանը պետք է զգուշացնենք, որ տեղում զորավարժություններ են տեղի ունենում, որոնցից հետո այնտեղ արգելված է մուտք գործել»,- ասաց Ս. Օհանյանը՝ հավելելով, որ զոհված երեխաների ընտանիքներին աջակցություն կցուցաբերվի:







































