Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, Metropooll ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցախույզ է անցկացրել Թուրքիայի 81 նահանգներից 31-ում` պարզելու համար հասարակության տրամադրվածությունը հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Հարցախույզին մասնակցել է 517 մարդ, որոնց 47-50 տոկոսն իրենց քվեն տվել են վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օգտին, 27-30 տոկոսը`քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ), 12-14 տոկոսը` «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ): Մնացածը դժվարացել են պատասխանել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Metropooll-ը դարձյալ նույն թեմայի շուրջ հարցազրույց էր անցկացրել Թուրքիայի 31 նահանգներում, որին, սակայն, այդ անգամ մասնակցել էր 1504 մարդ:
Այն ժամանակ մասնակիցների 37.7 տոկոսը նշել էր ԱԶԿ-ի անունը, 25.5 տոկոսը` ԺՀԿ-ի, 11.5 տոկոսը`ԱՇԿ-ի, 5.4 տոկոսը` քրդական «Խաղաղություն և ժողովրդարավարություն» կուսակցության (ԽԺԿ):
Ի դեպ, թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել նախընտրական 10 տոկոսանոց արգելքը:









































