ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կորեական ճգնաժամի թեժ պահին՝ ապրիլի 11-16-ը կայցելի Հարավային Կորեա և Ճապոնիա: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, այս այցելությունը «պլանային բնույթ» է կրում և իրականացվում է «ապրիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի 28 երկրների և Աֆղանստանի հարցով միջազգային կոալիցիայի մասնակից-երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման շրջանակներում»:
«Այս այցելությունը կապված չէ Կորեական թերակղզու ճգնաժամի հետ, սակայն կարելի է սպասել, որ այդ հարցը կքննարկվի Տոկիոյում և Սեուլում կայանալիք հանդիպումների ժամանակ: Ինչպես ամբողջ աշխարհը, մենք նույնպես անհանգստացած հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- հայտարարել են մամլո ծառայությունում:
Ապրիլի 11-ին գլխավոր քարտուղարը կժամանի Սեուլ, որտեղ կբանակցի նախագահի, վարչապետի, ԱԳ և պաշտպանության նախարարների հետ: Ապրիլի 13-ին Ռասմուսենը Տոկիո կմեկնի, որտեղ էլ կմնա մինչև ապրիլի 16-ը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն բազմիցս նշել էր, որ ալյանսը Կորեական թերակղզու իրադրության շուրջ խորհրդակցություններ չի անցկացնում, քանի որ ՆԱՏՕ-ն այս տարածքի անվտանգության պահպանման մեջ ներգրավված չէ:







































