«Օդնոկլասնիկի» սոցցանցում դադարեց աշխատանքը այն բանից հետո, երբ սոցցանցի սերվերի վրա տեղադրվեց նոր կոնֆիգուրացիոն ֆայլ, ինչն իր հետևից բերեց «անդառնալի փոփոխություններ»: Այս մասին ծառայության ղեկավար Իլյա Շիրոկովը հայտնել է Roem.ru-ին:
Շիրոկովը բացատրել է, որ խափանման հետևանքով 10 րոպեի ընթացքում սերվերի ռեսուրսի օգտագործումը աճել է 100 տոկոսով:
Սոցցանցի աշխատակիցները ստիպված են եղել վերագործարկել ու կարգավորել սերվերների զգալի մասը («Օդնոկլասնիկին» ունի ավելի քան 5 հազար սերվեր): Մասնագետներն ստիպված են եղել վերականգնել տվյալների պահպանման բազան և կրկին վերագործարկել սոցցանցի ծառայությունները:
Շիրոկովը հերքել է «ՎԿոնտակտե» սոցցանցի տեխնիկական տնօրեն Նիկոլայ Դուրովի ենթադրությունն այն մասին, որ խափանման պատճառը տվյալների բազայի ղեկավարման MS SQL համակարգն էր:
«Օդնոկլասնիկիի» աշխատանքը խափանվել է ապրիլի 4-ի երեկոյան: Սոցցանցի մասնագետները հերքել են DDoS-հարձակման մասին լուրերը:









































