ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին անվանել է Հյուսիսատլանտյան դաշինքի և անդրատլանտյան կապերի ջատագով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք. Թետչերը մահացել է երկուշաբթի՝ 87 տարեկանում, ուղեղի կաթվածից:
«Նա վճռականորեն աջակցում էր ՆԱՏՕ-ի արժեքներն ու սկզբունքները, հավատում էր ուժեղ պաշտպանությանը և առաջատար դեր է խաղացել «սառը պատերազմի» ավարտի հարցում»,- ասել է Ռասմուսենն ու հավելել, որ ղեկավարման տարիներին Թետչերը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և դրսևորել է տղամարդկություն, հեռատեսություն ու առաջնորդի դեր:
Ռասմուսենը Թետչերի մահվան առնչությամբ ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը և ժողովրդին:










































