Կորեական թերակղզում հակամարտության սրման ֆոնին Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հարավային Կորեայի տարածքում գտնվող արտասահմանցիներին խորհուրդ են տալիս հեռանալ երկրից: Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, այս մասին հայտարարել է Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում խաղաղության համար հյուսիսկորեական կոմիտեի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանություններն օտարերկրացի դիվանագետներին զգուշացրել էին, որ 2013 թ. ապրիլի 10-ից հետո չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում իրավիճակը սրվել է մարտին, երբ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հանդես եկան մի շարք կոշտ հայտարարություններով՝ չբացառելով միջուկային զենքի կիրառումը: Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռները տեղափոխել է իր արևելյան ափ:








































