«Միշտ մասնակցել եմ հանրահավաքներին, մեր զորակցությունը հայտնել ենք շարժմանը, բայց մի քիչ այլ պատկերացումներ և մոտեցումներ ունեինք՝ կապված պայքարի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Ամեն դեպքում՝ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն է որոշում, քանի որ ժողովուրդը հենց նրան է ընտրել, նրան է վստահել և փաստացի որպես իր առաջնորդ ընտրել: Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ պայքարը լինի զուտ քաղաքական, և հետապնդվող նպատակները նույնպես լինեն քաղաքական: Միշտ չէ, որ ընդունված որոշումներն այդ կոնտեքստում են եղել, բայց էլի եմ կրկնում՝ դա իրենց իրավունքն է, մեզնից հասնում էր զորակցել՝ մենք զորակցել ենք»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի վաղը Ազատության հրապարակում կայանալիք երդմնակալության մասին, Սոս Գիմիշյանն ասաց. «Ես, ճիշտն ասած, քաղաքական նպատակ չեմ տեսնում, գուցե կա, և այդ չտեսնելը իմ խնդիրն է, բայց դե, նորմալ միջոցառում է, որը գուցե առիթ դառնա հնարավորինս շատ ժողովուրդ հավաքելու և ժողովրդի ճնշման միջոցով հասնելու նրան, որ իշխանությունները քաղաքական զիջումների գնան:
Անձամբ ես կմասնակցեմ, որովհետև ուզում եմ հասկանալ, թե ինչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը, ուզում եմ անձամբ ներկա լինել և փորձել կողմնորոշվել, թե ինչքանով է պայքարը լուրջ, որովհետև վաղը փաստացի վճռական օր է, և եթե ինչ-որ լուրջ նպատակների մասին չխոսվի, և քայլեր չձեռնարկվեն, ապա հետո շատ դժվար կլինի ժողովրդին պահել հրապարակում: Կարևոր պահ է: Այդ պատճառով ուզում եմ անձամբ մասնակցել և հասկանալ, թե ինչ է անում այսօրվա ընդդիմությունը և ինչ ճանապարհով է գնում, ուզում եմ հստակ կողմնորոշվել»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ ժողովրդի քանակը վաղը շատ կարևոր է և վճռական նշանակություն ունի. «Ժողովրդի ներկայության, ճնշման միջոցով պետք է իշխանությունը գնա զիջումների, հակառակ դեպքում չի գնա. ցանկություններից, խոսքերից ելնելով՝ իշխանությունները զիջումների չեն գնա: Այդ պատճառով շատ եմ կարևորում ժողովրդի ներկայությունը, հետո կտեսնենք, թե քաղաքական առաջնորդներն ինչպես են օգտագործում այդ ներկայությունը»:







































