Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու գործով դատը զանգվածային անկարգությունների պատճառով հետաձգվել է մինչև ապրիլի 11-ը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Էրգենեկոն» ուլտրաազգայնական կազմակերության հազարավոր կողմնակիցներ Ստամբուլի Սիլիվրի արվարձանում բանտի շենքի առջև անկարգություններ են կազմակերպել, որտեղ երկուշաբթի օրը դատական նիստին պետք է ելույթ ունենային մեղադրյալների դատապաշտպանները, և մեղարյալներին պետք է վերջին խոսքի հնարավորություն տրվեր:
Ցուցարարներին բերած տասնյակ ավտոբուսներ շարվել են ճանապարհի երկայնքով: Անվտանգության ուժերը ստիպված են եղել ջրաշիթեր և արցունքաբեր գազ օգտագործել, որի հոտը զգացվել է նաև դատարանի դահլիճում: Որոշում է կայացվել դատական նիստը հետաձգել մինչև ապրիլի 11-ը:
Պետական հեղաշրջում կազմակերպելու գործում ներգրավված է 400 մարդ՝ քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, բուհերի դասախոսներ, զինվորականներ, ոստիկաններ: Այս գործը շարունակվում է դեռ 2007-ից։









































