Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ահաբեկիչների համար մահապատիժը անհրաժեշտ և պարտադրված միջոցառում է, իսկ Ռուսաստանը չպետք է անհանգստանա համաշխարհային հանրության քննադատությունից, հայտնում է RIA Novosti-ն:
«Շատ երկրներ առանց այդ էլ մեզ պատժամիջոցներ են հայտարարել: Արևմուտքին և Եվրոպային պետք չէ ուժեղ պետություն: Նրանց պետք է ղեկավարվող պետություն: Իմ խորին համոզմունքն է. եթե դա անհրաժեշտ է, նախագահը պետական դումայի դիտարկմանն է ներկայացնում և պատգամավորները դրան աջակցում են: Վաղ թե ուշ մենք պետք է դրան գանք: Եթե մենք մտածում ենք, որ Սիրիայի հարցը արագ կլուծվի և չի ազդի մեր պետության անվտանգության վրա, ապա դա սխալ է: Նրանք անպայման իրենց ցույց կտան: ԴԱԻՇ-ն առաջին հերթին ստեղծվել է Ռուսաստանի դեմ»,- ասել է Կադիրովը:
Նա նշել է, որ «մահապատիժը չպետք է վերաբերվի մոլորվածներին` նրանց, ովքեր զղջում են: Այլ այն պետք է օգտագործել նրանց նկատմամբ, ովքեր հավաքագրում են մարդկանց, աղճատում կրոնը»:






































