Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության և Լորդերի պալատի միջև կապերի գծով նախարար լորդ Սոլտերի Ուոլիսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ԱԺ հատուկ նիստին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով լորդ Ուոլիսին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը զգալի վերընթաց է ապրել: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները թե’ երկկողմ, և թե’ բազմակողմ ձևաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման և ամրապնդման, ինչպես նաև փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ: ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը և խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով պատվիրակությունների շփումները այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև համագործակցության խորացումը Եվրոպական Միության հետ հարաբերությունների ձևաչափում և միջազգային խորհրդարանական կառույցներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` լորդ Սոլտերի Ուոլիսը նույնպես կարևորել է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը ու խորացումը: Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, համագործակցությունը տարբեր ձևաչափերով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային հարցերի, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:









































