Հանգստյան օրերին Սիրիայի ողջ տարածքում տեղի են ունեցել ձերբակալություններ: Սիրիայի իրավապաշտպանները հաղորդում են մի քանի տասնյակ ընդդիմադիրների ձերբակալության մասին: Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, երեկ Հոմսում Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Մանսուր Ալ-Ալիին, որը պատկանում է Բաշար Ալ-Ասադի ալավիների իշխող փոքրամասնությանը: Նրա ձերբակալությունը կապում են այն քննադատության հետ, որը նա խաղաղ ցուցարարներին գնդակահարելու համար ուղղել է իշխանություններին:
Ըստ BBC-ի՝ Սիրիայի իշխանությունները կրկին ծանր զինտեխնիկա են մոտեցրել երկրի հարավում գտնվող Դարա’ա քաղաքին: Այստեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Ըստ France Presse գործակալության` քաղաքում ամենուր լսվում են կրակահերթեր, անջատված է էլեկտրականությունը: Կիրակի օրն այս քաղաքում կրկին անհանգիստ է եղել: Սպանվել է առնվազն մեկ մարդ: Al-Jazeera-ն հաղորդում է 5 սպանվածի մասին:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Վաշինգտոնում Օբամայի վարչակազմը նախապատրաստում է պատժամիջոցների փաթեթ, որը կկիրառվի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Ֆինանսների նախարարությունը կնախապատրաստի և նախագահ Օբամայի ստորագրությանը կներկայացնի օրենսդրական փաթեթ, որով սառեցվելու են սիրիացի պաշտոնյաների հաշվեհամարները: Ինչպես գրում է պարբերականը, սա դժվար թե ազդի Սիրիայի իշխանությունների վրա, քանի որ նրանք ԱՄՆ-ում քիչ հաշիվներ ունեն, սակայն Օբամայի այս քայլը կդրդի եվրոպական երկրներին դիմել նմանատիպ գործողության:








































