Femen շարժման ակտիվիստ կանայք ակցիա են կազմակերպել Հանովերի արդյունաբերական տոնավաճառում այն ժամանակ, երբ այնտեղ են այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Այն ժամանակ, երբ Մերկելը և Պուտինը կանգնած են եղել Volkswagen ընկերության ցուցատախտակի մոտ, մի քանի աղջիկներ են ներխուժել, մերկացել մինչև գոտկատեղը և սկսել են անգլերենով բղավել անպարկեշտ կարգախոսներ: Նույն արտահայտությունները գրված են եղել նրանց մարմինների վրա:
Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են աղջիկներին: Նրանք շարունակել են բղավել կարգախոսներ, սակայն Մերկելը և Պուտինը ուշադրություն չդարձնելով՝ անցել են հաջորդ սրահ:
Արդյունաբերության աշխարհի խոշորագույն ցուցահանդես-տոնավաճառը Հանովերում անցկացվում է ամեն տարի: Առաջին անգամ այն անցկացվել է 1947թ.:









































