Հոկտեմբերի 5-ին քվեարկված՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծում նոր դրույթներ են ավելացել, որոնց իմաստը պատգամավորները նոր են սկսում հասկանալ: Եվ իզուր չէ, որ նրանք քվեարկությունից առաջ դժգոհում էին, որ չեն կարողացել ծանոթանալ վերջնական տարբերակին, այնտեղ տեղ գտած փոփոխություններին, որ պետք էր ժամանակ տալ վերջնական նախագիծն ուսումնասիրելու և հասկանալու համար:
Պատգամավորների աչքից սպրդած նման դրույթներից մի քանիսը երեկ Ազգային ժողովում դարձել էր թե՛ քննարկման, թե՛ մտահոգությունների առարկա: Օրինակ՝ նախագծի 138-րդ հոդվածն ասում է, թե «Եթե ԱԺ-ն եռամսյա ժակետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդվածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 2-րդ մասով և 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ»:
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի և անդամների ու Կենտրոնական բանկի նախագահի պաշտոններին: Այս պաշտոնյաներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից: Նոր նախագծով՝ երեք/քառորդի ընտրության դեպքում: Բայց եթե ԱԺ-ում խմբակցությունների, մասնավորապես մեծամասնության և մյուս խմբակցությունների միջև տվյալ պաշտոնյաների ընտրության հարցում համաձայնություն չի կայանում, ապա նախագահն իրավունք ունի նշանակել ժամանակավոր պաշտոնյաներ, մինչև հարցը կլուծվի: Մինչդեռ սկզբնական տեքստում նախագահի կողմից ժամանակավոր պաշտոնյա նշանակելու դրույթը չկար, մասնագիտական հանձնաժողովն այն մտցրել է ամենավերջին պահին: Այն ժամանակ, երբ պատգամավորներն այլևս չէին կարող նիստերի դահլիճում դրա մասին ելույթներ ունենալ, կարծիքներ կամ քննադատություն հնչեցնել կամ գոնե հարցեր ուղղել պատասխանող կողմին: Պատգամավորների գերակշիռ մասը քվեարկելիս անգամ չի էլ նկատել, որ նման փոփոխություն է արվել:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների սկզբնական նախագծում այս պաշտոնյաների ընտրության համար սահմանված երեք/քառորդ շեմը իշխանությունների կողմից մեկնաբանվում էր որպես ընդդիմության լիազորությունների ընդլայնում: Այսինքն՝ այս պաշտոնյաների հարցում պետք է համաձայնություն լինի խմբակցությունների միջև, հակառակ պարագայում այդ շեմը չի ապահովվի: Եվ մեծամասնությունն այնքան պետք է բանակցի, համոզի խորհրդարանական փոքրամասնությանը, միգուցե թեկնածուների հարցում զիջումների գնա, որ այս կարևոր գերատեսչությունների ղեկավարների ընտրությունը կայանա: Բայց վերջնական տարբերակում գտել են դա շրջանցելու տարբերակը և ավելացրել են նախագահի կողմից ժամանակավոր նշանակման դրույթը՝ չմանրամասնելով, թե այդ ժամանակավորը որքան կարող է տևել: Դա թողել են օրենսդրական կարգավորմանը:
Ընդդիմությունը գտնում է, որ իշխանություններն այդպիսով այս պաշտոնյաներին նշանակելու լիակատար լիազորությունը կրկին իրենց ձեռքն են վերցնում, մինչդեռ նախապես այլ բան էին խոստանում: Եվ դիտմամբ են այս դրույթը վերջին պահին մտցրել, որ այն քվեարկության ժամանակ դեռ բացահայտված չլինի:
Բացի այդ, արդեն ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները որևէ կերպ չեն սահմանափակում, որ գործող նախագահը հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ կրկին առաջադրվի: Գործող Սահմանադրությունն անընդմեջ երկու անգամից ավելի թույլ չի տալիս առաջադրվել, բայց քանի որ մայր օրենքը փոխվում է, և չի սահմանափակվում, որ նույն անձը կարող է անընդմեջ երեք անգամ առաջադրվել, ոչ միայն նախկին երկու նախագահները, այլև Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կարող է նորից առաջադրվել՝ անկախ այն հանգամանքից, թե ինքը ինչ է հայտարարել այդ մասին: Այս հանգամանքը նույնպես ԱԺ-ում դարձել է քննարկման առարկա և մտահոգել է ոչ միայն ընդդիմադիրներին, այլ անգամ իշխանության որոշ ներկայացուցիչների:
Մեկնաբանություններ են լինում, թե անկախ այն հանգամանքից, որ Ս. Սարգսյանն արդեն հայտարարել է, որ չի կարող երրորդ անգամ դառնալ նախագահ, որ չի ցանկանում վարչապետ կամ ԱԺ նախագահ դառնալ, երկու-երեք տարի հետո կարող է այնպիսի իրավիճակ առաջանալ, կամ այդ իրավիճակն իրենք ստեղծել, որ գործող նախագահը դառնա վարչապետ, կամ ինչու չէ՝ նաև նախագահ:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, իհարկե, գտնում է, որ Ս. Սարգսյանը եթե ցանկանա, կարող է այդ երեք պաշտոններից որևէ մեկի ընտրությանը մասնակցել, և դա արգելող որևէ հանգամանք չկա, բայց կարծում է, որ նա կմնա իր խոսքի տերը:




































