ԱՄՆ-ի օդանավակայաններում տասնյակ չվերթներ հետաձգվել են ներքին անվտանգության նախարարության համակարգչային համակարգի խափանման պատճառով, որը պատասխանատու է թռիչքից առաջ ուղևորների զննության համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վաշինգտոնի խոշորագույն միջազգային օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է մաքսային և սահմանային վերահսկողության համակարգի աշխատանքում առաջացած խնդիրների մասին:
Օդանավակայանի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ համակարգչային խափանումից հետո ուղևորների զննումը շարունակվել է ձեռքի ռեժիմով:
NBC հեռուստաընկերության տվյալներով՝ նմանատիպ խնդիրներ առաջացել են նաև Նյու Յորքի, Բոստոնի, Դալլասի, Հյուսիսային Կարոլինայի և Բալթիմորի օդանավակայաններում:
Վերջին տվյալներով՝ համակարգչային համակարգի անսարքությունը տևել է 1.5 ժամ և այս պահին վերացված է, օդանավակայանների աշխատանքի ռեժիմը աստիճանաբար վերականգնվում է:









































