«Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված քննարկմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ Սահմանադրական փոփոխություններն ուղղակի կապ ունեն մարդու առօրյա կյանքի հետ: Լայն լիազորություններ են տրվում ընդդիմադիր ուժերին: Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունների նախագծում հիմնարար վերանայումներ են արված:
«Երբ մենք խոսում ենք դատական իշխանության թերի կողմերի մասին, ոչ ոք հարց չի տալիս` իսկ այսօր դատարաններն ինչո՞ւ են կախված, ինչո՞ւ չի իրականացվում արդարադատություն, սա նորից երկրի նախագահի ցանկությա՞ն հարցն է, և եթե` այո, ապա մի՞թե բոլոր երեք նախագահները մի ցանկություն ունեին` պահել իրենց իշխանությունը: Եվ եթե այդպես է, նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններն այսօր անհրաժեշտություն են: Ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, նրանք կողմ են այսօրվա իշխանությունների վերարտադրմանը, ուրիշ բացատրություն չկա, որովհետև իշխանափոխությունը մարդափոխություն չէ, այլ համակարգի փոփոխություն, որը պետք է բերի մարդկանց փոփոխության»,- ասաց Արծվիկ Մինասյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին:




































