Ընդամենը ամիսներ առաջ իրեն ընդդիմադիր քաղաքական ուժ հայտարարած և սահմանադրական փոփոխությունների գործընթացին դեմ արտահայտվող, դրանք անժամանակ համարող ԲՀԿ-ն այսօր ոչ միայն փոխեց նախկին դիրքորոշումը և ԱԺ-ում պաշտոնապես սատարեց իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, այլև արդեն իսկ սկսել է «Այո»-ի քարոզարշավը՝ առաջ անցնելով ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից։ Այսօր ԲՀԿ-ն՝ նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, ԲՀԿ ղեկավար կազմը՝ Աբրահամ Մանուկյանը, Վահան Բաբայանը, Թամար Պողոսյանը, մեկնել են Վայոց ձոր ու Սյունիք։
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից։ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած ՀՀԿ-ն ու այդ հարցում իշխանությանն աջակցող ՀՅԴ-ն դեռ չեն սկսել քարոզարշավը։
Այսօր մեր հարցին, թե ԲՀԿ տարածքային գրասենյակներ այցելելով՝ նաև սահմանադրական «Այո»-ի քարոզարշա՞վ եք իրականացնելու, ԲՀԿ քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանն ասաց. «Միանշանակ, ներկայացնելու ենք մեր տեսակետը, «այո» ենք քվեարկել մենք, և մինչև էդ մենք մեր բոլոր տարածքային գրասենյակների տեսակետները հաշվի ենք առել։ Բոլոր 64 գրասենյակները իրենց տեսակետը սահմանադրական փոփոխություններին կողմ լինելու հետ կապված մեզ ուղարկել են»։ Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ստացվում է՝ ԲՀԿ-ն Դաշնակցությունից ու Հանրապետականից առաջ ընկավ «Այո»-ի քարոզարշավի հարցում, ԲՀԿ քաղխորհրդի համակարգողն ասաց. «Մենք ոչ մեկից ոչ առաջ ենք ընկնում, ոչ էլ հետ ենք ընկնում։ Մենք մեր գործառույթն ունենք, գնում ենք հանդիպման մեր տարածքային կառույցների, մեր ակտիվի հետ։ Տարբեր հարցեր էդտեղ քննարկվելու են, մեխանիկորեն կքննարկվի նաև սահմանադրության հարցը։ Քարոզարշավ չի կոչվում, մենք կանոնավոր գրաֆիկով մեր տարածքային կառույցների հետ հանդիպման ենք գնում։ Մեխանիկորեն, էնտեղ ինչ հարց լինի, քննարկելու ենք, բոլոր հարցերը քննարկելու ենք։ Դա, էսպես թե էնպես, գործառույթի մեջ է մտնում։ Մենք «այո» ենք ասել, չէ՞։ Բնականաբար, եթե հարցը հասնի սահմանադրական բարեփոխումներին, մենք մեր խոսքն ասելու ենք և նաև հիմնավորելու ենք, թե ինչու ենք այո ասել»։
Հարցին, թե չե՞ք կարծում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարող է խանդել ԲՀԿ-ի ակտիվությանը «Այո»-ի քարոզարշավի հարցում, Մանուկյանն այսպես պատասխանեց. «Մենք աղջիկ չենք, որ մեզ խանդեն։ Մենք մեր գործառույթն ենք անում, և ոչ մեկի խանդը կամ լավ զգալն ու վատ զգալը մեզ էդքան չի հուզում։ Մենք մեր գործառույթն ենք կուսակցական կատարում»։
Արբահամ Մանուկյանն ասաց, թե Սյունիքի մարզպետի հետ հանդիպում նախատեսված չէ։ ԲՀԿ պատվիրակությունն այսօր այցելելու է Եղեգնաձոր, Ջերմուկ, հետո՝ Սիսիան, Ղափան, Քաջարան և Մեղրի քաղաքներ։ Եկող շաբաթ էլ ԲՀԿ-ականները Տավուշի մարզ են գնալու։ Կարելի է նկատել, որ արդեն իսկ ուրվագծվում է իշխանական նոր կոալիցիան: Դժվար է պատկերացնել, որ նման կերպ ԲՀԿ-ն կարողանա շարունակել գործունեությունը ընդդիմադիր դաշտում և հաջորդ խորհրդարան մտնի որպես ընդդիմադիր ուժ:









































