Տեխասի նահանգի Սան Անոնիոյի ԱՄՆ բանակի վիրաբուժական հետազոտությունների ինստիտուտը արհեստական մաշկ աճեցնելու համար հայտարարել է հյուսվածքային ինժեներիայի տեխնոլոգիան օգտագործելու մտադրության մասին: Այն կարելի կլինի օգտագործել այրվածքներով կամ փափուկ հյուսվածքների վնասվածքներով հիվանդների բուժման նպատակով, հայտնում է interfax.ru-ն:
Նախքան այրվածքային թերապիայում տեխնոլոգիայի օգտագործումը, այն կփորձեն մի քանի հիվանդների վրա:
Հետազոտական նպատակներով կօգտագործվի հիվանդի սեփական բջիջներից աճեցրած մաշկը` մարմնի ավելի քան 95 տոկոս այրվածք ունեցող երեխաների բուժման համար: Բանակի ինստիտուտի հետազոտությունում պլանավորվում է ներգրավել 12 հիվանդ` մարմնի ավելի քան 50 տոկոս այրվածքով:
Ներկայումս այրվածքային վիրաբուժությունը դոնորական մաշկ է օգտագործում: Այն ստանում են կամ հիվանդի բարեկամներից, կամ վերցնում են զոհված մարդկանցից:
Մաշկի աճեցման պրոցեսը տևում է մոտ 18-25 օր: Այդ ընթացքում կարելի է աճեցնել ձեռքի ափի մեծությամբ մաշկի կտոր: Այդ պատճառով մաշկային ինժեներիայի տեխնոլոգիան չի կարող օգտագործվել այրվածքների օպերատիվ բուժման համար: Ամերիկացի հետազոտողները մտադիր են գտնել մաշկի ավելի արագ աճեցման միջոցներ:










































