Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Ճապոնիայի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ֆումիո Կիսիդան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը միջուկային անվտանգության հարցերում։
Կիսիդան Զարիֆի հետ համատեղ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են ստեղծել կոորդինացիոն խորհուրդ՝ իրականացնելու համար բազմակողմ դիտարկումներ երկու երկրների բոլոր նախարարությունների աշխատանքներին։
Թեհրանն ու Տոկիոն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանման, առողջապահության, թմրանյութերի առևտրի դեմ պայքարի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցերում։
Կիսիդան ընդգծել է, որ Իրանը՝ որպես պատմական երկիր, կարող է կարևոր դերակատարություն ունենալ այդ հարցերի կարգավորման հարցերում։ Կիսիդան ուշադրություն է հրավիրել, որ սա Իրանի ու Ճապոնիայի արտգործնախարարների առաջին հանդիպումն է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրից հետո։ Կիսիդայի հետ միասին Իրան են ժամանել ճապոնական 20 ընկերությունների ներկայացուցիչներ։









































