«Հոկտեմբերի 11-ին Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Պատմական այս իրադարձությանը ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն դարձավ չեխահայերի ցանկությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և կարդինալ Դուկայի միջև հաստատված ջերմ հարաբերությունները նպաստեցին բանակցությունների ավարտին և տվեցին իրենց դրական արդյունքը»,- գրում է «Արևելք» լրատվական կայքը:
Հաղորդվում է, որ կարդինալ Դոմինիկ Դուկային շնորհակալություն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի կառավարությունը. նոյեմբերի 3–ին նրան սպասում են Հայաստանում:
Ինչպես նշվում է, հայերը Պրահայում երբևէ եկեղեցի չեն ունեցել. վերջին 10 տարիներին բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում էին հայ հավատացյալ համայնքին տրամադրվող Պրահայի կաթոլիկ «Սուրբ Յիլիի» եկեղեցում։ 14-րդ դարում կառուցված և հայ համայնքին փոխանցված «Սուրբ Հոգի» եկեղեցին գտնվում է Պրահա 1 թաղամասի Dušní 1083/7 հասցեում։









































