ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է շարասյան գնդակոծման ժամանակ, ևս երկու դաշտային հրամանատարներ ոչնչացվել են: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրաքյան հրամանատարությանը:
Իրաքի ռազմաօդային ուժերը երկրի արևմտյան Անբար գավառում կիրակի օրը հարվածել են ալ-Բաղդադիի շարասյանը, երբ նա ուղևորվում էր ԴԱԻՇ-ի ղեկավարների ժողովին: Ավելի ուշ հաղորդվել է, որ ալ-Բաղդադին ավիահարվածի հետևանքով ոչնչացված պարագլուխների ցուցակում չէ:
«Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է իր շարասյան գնդակոծման ժամանակ: Բացի այդ, սպանվել են շարասյան մեջ գտնվող երկու հրամանատարներ՝ Աբո Քամալ քաղաքում ֆինանսների համար պատասխանատու Օմար ալ-Քուբեյսին և ԴԱԻՇ-ի առաջնորդների տեղափոխման անվտանգությունը համակարգող Աբու Սաադ ալ-Քարբուլին»,- ասվում է իրաքցի զինվորականների հաղորդագրությունում:




































