Երևանի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել բարձր արագությամբ ընթացող ճոխ ավտոմեքենաների, որոնք միանշանակ գերազանցում են թույլատրված արագությունը, և որոնց միայն տեսքից պարզ է, որ «էլիտայի» ներկայացուցիչների մեքենա է: Եթե նախկինում ոստիկանը նման մեքենաները կանգնեցնելու փոխարեն «պատիվ էր տալիս», ապա հետաքրքիր է, թե այսօր մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափ սարքերը ֆիքսո՞ւմ են խախտումներ, եթե այո, ապա մարդկային գործոնն այդտեղ ի՞նչ դեր է խաղում՝ տուգանքները գանձելու առումով: Ոստիկանության վիճակագրությունը չի առանձնացնում, թե որ պաշտոնյայի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ավտոմեքենաներն են խախտումներ անում:
«Առաջին լրատվական»-ը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց, թե վարչապետի և կառավարության աշխատակազմի ավտոմեքենաները քանի՞ անգամ են հայտնվել տեսախցիկների «ուշադրության կենտրոնում», և խախտում անելու դեպքում ով է վճարում տուգանքը: Մեզ վստահեցրին, որ Երևանի փողոցներում տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրումից հետո դրանց միջոցով ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող ավտոմեքենաների կողմից խախտումներ չեն ֆիքսվել:
Սակայն ֆիքսվել է աշխատակազմի ղեկավարի ավտոմեքենայի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 2 դեպք, աշխատակազմի ղեկավարի տեղակալի ավտոմեքենայի (007 LL 50) կողմից խախտման 3 դեպք, աշխատակազմի ղեկավարի մյուս տեղակալի ավտոմեքենայի (008 LL 50) կողմից խախտման 4 դեպք: Ընդ որում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում տուգանքը վճարում է վարորդը, որին հրամանով ամրացված է ավտոմեքենան:









































