Այսօր առավոտյան Լոս Անջելեսի Nokia սրահում Վիկ Դարչինյանը հաղթեց Յոնի Պերեսին և նվաճեց IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Մարտն ընդհատվեց 5-րդ ռաունդում. Պերեսը արյունահոսության պատճառով չկարողացավ շարունակել այն: Առաջին չորս ռաունդներում էլ հաղթեց Դարչինյանը` երկրորդում անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: 5-րդ ռաունդում բռնցքամարտիկները գլուխներով բախվեցին և Պերեսի մոտ արյունահոսություն սկսվեց: Մրցավարը բժիշկների խորհրդով որոշում կայացրեց դադարեցնել մարտը և հաղթողին որոշել առաջին 4 ռաունդների հիման վրա: Հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին, ով այդ պահին առջևում էր 50-44 հաշվով:
Վանաձորցի բռնցքամարտիկը, ինչպես և խոստացել էր, ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրեց 1915թ. մասին. բացի նրանից, որ Վախթանգի գոտու վրա գրաված էր 1915, մարտը հաղթելուց հետո նա իր հարցազրույցում պատմել է Մեծ Եղեռնի մասին, իսկ հարցազրույցն ավարտել է հայերեն. «Հայաստան, գալիս եմ»:









































