ԱՄՆ աերոգնացության ու տիեզերական տիրույթի վարչությունը մտադիր է «պարկի մեջ» գցել ոչ մեծ աստերոիդն ու այն մոտեցնել Երկրին՝ առաջիկա 10 տարում «մոտիկից ուսումնասիրելու» համար, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է Սենատի գիտության ու տիեզերքի ենթակոմիտեի ղեկավար Բիլ Նելսոնը, նման առաքելությունը, որը միայն առաջին հայացքից է ֆանտաստիկ թվում, ծրագրված է իրականացնել 2019-2021թթ.:
Նրա խոսքով՝ այդ նպատակով Բարաք Օբամայի վարչակարգը մտադիր է արդեն հաջորդ ֆինանսական տարում Կոնգրեսից 100 մլն դոլար խնդրել: Գումարն ուղղվելու է «համապատասխան աստերոիդի որոնման» վրա, որը պետք է ունենա շուրջ 8 մետր շառավիղ ու կշռի մինչև 500 տոննա, որին նախատեսվում է ամրացնել «պարկի տեսք» ունեցող ավտոմատ թակարդ-սարք:
«Նախ՝ պետք է նրա վրա հագցնել այդ «պարկը», ապա տեղադրել արևային մարտկոցներով աշխատող շարժիչ և տանել այնտեղ, ուր կցանկանանք»,- բացատրել է NASA-ի ծրագրերի ղեկավարներից Դոնալս Յոմանսը:









































