Հոլիվուդյան երիտասարդ դերասանուհի Սամանտա Ֆատերմանը, որը խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Գեյշայի մեմուարները», «21 և ավելի», պատահաբար իմացել է, որ ունի երկվորյակ քույր՝ շնորհիվ Youtube-ում իր մասնակցությամբ հոլովակի: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Կատակերգական շոուի տեսագրությունը, որտեղ նկարահանվել էր Ֆատերմանը, պատահաբար տեսել է ֆրանսուհի Անայիս Բորդյերը, որը Լոնդոնում դիզայներություն է սովորում:
Առաջինը, ինչ նկատել է ուսանողուհին, իր և հոլիվուդյան դերասանուհու անհավանական նմանությունն է: Նրա անցկացրած փոքրիկ հետաքննությունից պարզվել է, որ Հարավային Կորեայից երկու աղջիկներն էլ որդեգրվել են մանուկ հասակում:
«Դա անհավանական է, մենք երկուսս էլ 25 տարեկան ենք, ծնվել ենք միևնույն օրը՝ 1987թ. նոյեմբերի 19-ին: Ես հայտնվել եմ Ֆրանսիայում, նա՝ ԱՄՆ-ում: Ես պարզապես պարտավոր էի կապ հաստատել Սամանտայի հետ»,- պատմել է Բորդյերը:
Անայիսը փորձել է կապ հաստատել սոցցանցի միջոցով իր հասակակցի հետ ու ի զարմանս իրեն՝ ամերիկացի դերասանուհին արձագանքել է իր հաղորդագրությանը:
«Առաջինը, ինչ ես տեսա, այն էր, որ օգտատիրոջ էջից ինձ է նայում իմ պատճենը: Սակայն կարդալով հաղորդագրությունը՝ հասկացա, որ ինձ մեծ փոփոխություններ են սպասվում: Ես միանգամից հավատացի, որ գտել եմ քրոջս»,- խոստովանել է Ֆատերմանը:
Ավելի ուշ աղջիկները պարզել են, որ բացի արտաքին նմանությունից՝ իրենք ունեն մի շարք այլ նմանություններ ևս:
Որպեսզի պաշտոնապես հաստատվի իրենց արյունակցական կապը, աղջիկները որոշել են հանդիպել եվրոպական երկրներից մեկում ու հանձնել ԴՆԹ թեստ:
Սամանտան որոշել է իր ճանապարհորդությունից վավերագրական նախագիծ ստեղծել ու տեսախցիկով նկարահանել կատարվածը:













































