Հանրապետականը չափից ավելի լուրջ սկսեց վերաբերվել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` խոսելով ներքին և արտաքին քաղաքական զարգացումների շուրջ:
Բանախոսի գնահատմամբ` Հանրապետականի այդ վերաբերմունքը պատշաճ չգնահատվեց «Ժառանգություն» կուսակցության կողմից: Նա նշեց, որ երկխոսության այն առաջարկները, որոնք հերթով կորցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսում է այն մասին, որ քաղաքական ուժն իր իսկ անելիքների մեջ չի կողմնորոշվել:
«Մենք, ցավոք, ոչ մի առաջարկի, ոչ մի ողջամիտ մոտեցման ականատես չեղանք, միայն ձախողումների՝ ոչ հօգուտ հայ քաղաքացու: Մեղքը նրանցն է, իրենք ոչ ադեկվատ գործողությունների դիմեցին: Անկանխատեսելի և իրավիճակին ոչ համարժեք քաղաքական ուժերն, ըստ էության, ինչ արագությամբ բարձրանում են, նույնպես էլ իջնում են: Իսկ մենք առաջնորդվում ենք քաղաքական տրամադրություներով: Կարծում եմ՝ այդ քաղաքական ուժն արդեն իջել է. դա հասարակության գնահատականն է:
Ընդդիմությունն ունի լուրջ, ծանր առաքելություն, միայն կայացած քաղաքական ուժը կարող է այդ առաքելությունը պատվով կատարել: Եթե ընդդիմություն չեն կարողանում լինել, ինչպե՞ս կարող են իշխանություն դառնալ:
Մինչև չլինի պատասխանատու ընդդիմադիր ուժ, որը պարզ քաղաքական միտք առաջադրի հասարակությանը, մեր քաղաքական համակարգը մեկոտանի կմնա: Պետք է համակարգել խաղացող ոտքով, հասնել առողջ քաղաքական համակարգի ձևավորման: Մի օր ասել՝ «իմ դիակի վրայով» և այլն, տարօրինակ է»,- նման տեսակետ հայտնեց Արտակ Զաքարյանը:








































