Ստամբուլում պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ շաբաթաթերթի` «Ակօսի»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից վեց տարի անց նրա սպանության շուրջ խոսակցությունները, դատավարության դեմ բողոքները չեն դադարում: Ավելին, ժամանակ առ ժամանակ անարդարության դեմ բողոքող հրապարակախոսներին, մտավորականներին Թուրքիայի իշխանությունը փորձում է լռեցնել: Այս անգամ դատական գործ է հարուցվել հայկական «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և գրող, ռեժիսոր Ումիթ Քըրվանչի դեմ: Դատական գործ հարուցելու պատճառ է հանդիսացել Անթալիայում բնակվող Այդըն Թաշչըի բողոքն այն բանից հետո, որ Քոփթաշը և Քըրվանչը թուրքական Haber Turk TV հեռուստաալիքի հաղորդման ժամանակ, խոսելով Հրանտ Դինքի դատավարության մասին, պետությանը «մարդասպան» էին անվանել:
Թաշչըն մեղադրել է նրանց «Թուրքիայի Հանրապետությանը և երկրի դատախազությանը նվաստացնելու» մեջ: Ինչպես տեղեկացրել էր «Ակօս» պարբերականը, Ստամբուլի գլխավոր դատախազ Ֆիքրեթ Սեչենը, դիմումի համաձայն, գործին ընթացք է տվել: Դատախազությունը Թուրքիայի Ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհրդից արդեն պահանջել է հաղորդման տեսաձայնագրությունը, որի ուսումնասիրման համար ստեղծվել է հանձնաժողով: Քոփթաշը և Քըրվանչն արդեն կանչվել են ցուցմունք տալու:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ակօս» պարբերականի հայկական էջերի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ Թուրքիայում շատ են ազգայնամոլները, որոնք ճնշում են ոչ միայն հայ լրագրողներին և խմբագիրներին, այլև ազգությամբ թուրք հրապարակախոսներին: Ըստ Էստուկյանի՝ նրանք չեն հանդուրժում որևէ քննադատություն՝ ուղղված պետությանն ու պետականությանը, առավել ևս, երբ այդ քննադատությունը հնչում է հայերի կողմից կամ ի պաշտպանություն հայերի, որոնց հետ թուրք ժողովուրդը խնդիր ունի:
«Այս կերպ պարզապես ճնշում են այսօր «Ակօս»-ը, բայց, եթե անկեղծ՝ նախկինում նման բան չենք նկատել: Վերջին տարիներին նման բան ընդհանրապես հայ լրագրողների դեմ չի եղել, սա եզակի դեպք էր, հայ այլ լրագրողների դեմ նման բան չի եղել երբևէ: Սա էլ պարզապես որոշ ազգայնամոլների ձեռքի գործն է, նրանք է, որ իրենց վատ են զգում նման ազատ խոսքի պարագայում»,- նշեց Բագրատ Էստուկյանը: Նա չի մտահոգվում այս հարցով, ավելին՝ վստահ է, որ այս դատական գործը հիմք չունի և շուտ ավարտվելու է Քոփթաշն և Քըրվանչը պատասխանատվության չեն ենթարկվի իրենց արտահայտությունների համար:
Ավելի վաղ հենց «Ակօս»-ի էջերում գրվել էր այն մասին, որ անդրադառնալով հետաքննությանը՝ «Ակօս»-ի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն նշել է, որ իրենք այս դատական գործին լրջորեն չեն վերաբերվում: Նա ընդգծել է, որ Դինքի դատավարության անկատարության և իրական հանցագործներին մինչ օրս չհայտնաբերելու վերաբերյալ բազմիցս խոսել են անգամ թուրքական դատախազության աշխատակիցները, հետևաբար Քոփթաշի և Քըրվանչի արած հայտարարության մեջ դատապարտելի ոչինչ չկա:










































