Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Ֆլորիդա նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն պատրաստ է դիմել ռիսկի և զինված հակամարտության մեջ ներքաշվել Ռուսաստանի հետ հանուն Սիրիայում թռիչքազերծ գոտու հաստատման։ Այս մասին նա հայտարարել է CNBC-ի հետ հարցազրույցում։
Հաղորդավարը նրան հարց է ուղղել, թե Սիրիայում թռիչքազերծ գոտու ստեղծման գաղափարի աջակցությունն իր կողմից նշանակո՞ւմ է Ռուսաստանի հետ պատերազմելու պատրաստակամություն, որի մարտական ավիացիան գործողություն է իրականացնում տարածաշրջանում։
«Եթե սահմանվի թռիչքազերծ գոտի, այն կաշխատի ընդդեմ բոլորի, ով կփորձի խախտել դրա սահմանները։ Վստահ եմ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կարող են ապահովել այն, այդ թվում՝ Ռուսաստանի հանդեպ։ Կարծում եմ՝ ռուսները ռիսկի չեն դիմի։ Չեմ կարծում, թե ԱՄՆ հետ զինված հակամարտության մեջ ներքաշվելը բխում է Ռուսաստանի շահերից»,- հայտարարել է նա։
Ռուբիոն կարծում է, որ եթե այդ միջոցառումները սահմանվեն, Ռուսաստանը դրանք չի խախտի։ Եթե նման բան տեղի ունենա, ապա, սենատորի խոսքով, Վլադիմիր Պուտինը «խնդրներ կունենա»։ Ռուբիոն ընդգծել է, որ դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև ցանկացած ուրիշ երկրի։











































