Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ քաղաքական ուժ ստեղծել մինչև 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ 2016-ի խորհրդարանական ընտրություններին նախագահը կարող է ներկայացնել իր քաղաքական ուժը, որը, նրանց կարծիքով՝ ունի հաղթելու բոլոր շանսերը։
«Ժողովուրդն ինձ համար ընտրել է նախագահական մանդատ, և չեմ կարծում, որ ես պետք է փոխեմ այդ մանդատը։ Հետևաբար մինչև խորհրդարանական ընտրություններ ես մտադիր չեմ ստեղծել քաղաքական ուժ։ Ես մինչև 2018 թվականն ունեմ շատ կայուն եռամյա մանդատ»,- ասել է Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2»-ի եթերում։
Պետության ղեկավարը հավելել է, որ չի ծրագրում լքել քաղաքականությունն ապագայում, սակայն դեռևս վաղ է ասել՝ կմասնակցի՞ արդյոք հաջորդ նախագահական ընտրություններին, թե՞ ոչ։










































