ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը, որն այս օրերին գտնվում է Լիբիայի ապստամբների «մայրաքաղաք» Բենղազիում, կոչ է արել ճանաչել ապստամբների կառավարությունը և աջակցել նրան Մուամար Քադաֆիի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Ես կոչ եմ անում բոլոր երկրներին և հատկապես Միացյալ Նահանգներին, ճանաչել Ազգային անցումային խորհուրդը որպես Լիբիայի ժողովրդի շահերի լեգիտիմ կրող»` հավելելով, որ ինքը Բենղազիում ականատես եղավ, թե ինչպիսին կարող է լինել ազատ Լիբիան:
Նա նաև ասել է, որ ապստամբների մեջ իսլամիստներ կամ «Ալ-Քաիդայի» անդամներ չկան. «Ընդհակառակը, նրանք Լիբիայի հայրենասերներ են, որոնք ցանկանում են ազատագրել իրենց ժողովրդին: Եվ մենք պետք է օգնենք նրանց դրանում», ասել է Մաքքեյնը:
Մաքքեյնի և պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումները բավականին տարբերվում են: Օբամայի վարչակազմում, պատասխանելով Մաքքեյնի առաջ քաշած գաղափարին, ասել են, որ Լիբիայի ժողովուրդն ինքը պետք է ընտրի Լիբիայի ղեկավարներին:











































