Եվրամիությունն ու Թուրքիան պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի ոլորտում և այդ նպատակով կստեղծեն հատուկ աշխատանքային խումբ: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպման արդյունքներով կոմյունիկեում՝ գրում է RIA Novosti-ն:
«Բարձրագույն ներկայացուցիչը և նախարարը նաև պայմանավորվել են ուժեղացնել ԵՄ-ի ու Թուրքիայի համագործակցությունը փախստականների ճգնաժամի կարգավորման և միգրացիայի հետ կապված այլ հարցերի շուրջ: Այդ աշխատանքների անցկացման համար կստեղծվի աշխատանքային խումբ»,- հայտնել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը:
Զրույցի ընթացքում Մոգերինին նշել է «տարածաշրջանին, ԵՄ-ին և աշխարհին սպառնացող ԴԱԻՇ-ի և ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի ներդրման անհրաժեշտությունը՝ խուսափելու համար հակամարտության ռազմական էսկալացիայից»:




































