Թուրքիան լրջորեն հետաքրքրված է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին վրացի պատգամավորների հետ Թուրքիայի դեսպանի հանդիպումից հետո:
Ուսուպաշվիլիի խոսքերով՝ տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում տարածաշրջանը բոլոր տեսանկյուններից կդառնա ավելի գրավիչ, և Թուրքիան հետաքրքրված է դրանում:
«Վրաստանի խորհրդարանում ձևավորվել է դեսպանների այցելության լավ ավանդույթ: Խոսակցություններ են ընթանում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են երկու երկրների հարաբերություններին»,- ասել է Ուսուպաշվիլին:
Նա հավելել է, որ Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերը լուծվելու են երկխոսության միջոցով և այնպես, որ շահավետ լինեն երկու կողմերի համար:
Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ ապագայում օրենսդիր մարմին կայցելեն նաև այլ երկրների դեսպաններ:



































