Դերասան Բրեդ Փիթը կխաղա Երկրորդ համաշխարհային պատերազմում ամերիկացի տանկիստներին նվիրված ֆիլմում: Fury ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2013թ. սեպտեմբերին: Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Էյրը («Պարեկ» (End of Watch))՝ հաղորդում է Deadline-ը:
Ֆիլմի գործողությունները ծավալվելու են 1945թ.: Բրեդ Փիթը կմարմնավորի Fury տանկի անձնակազմի անդամներից մեկին, որը գերմանական զորքերի դեմ կռվում է Արևմտյան ճակատում:
Էյրն իր խնդիրն է համարում վերականգնել պատմական արդարությունը: Ռեժիսորը ենթադրում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տանկիստների խիզախությունները բավականաչափ չեն արտացոլվել կինեմատոգրաֆիայում: Նա նաև մտադիր է առանձնակի ուշադրություն դարձնել տանկերով մարտերի գործողություններին և մասնակիցների ապրումներին:
Fury նախագծի վրա աշխատանքը սկսվել է 2013թ. փետրվարին, երբ Էյրի սցենարի իրավունքը մեկ միլիոն դոլարով գնեց QED International կինոընկերությունը: Այն դարձել է ամենախոշոր գործարքը անկախ ստուդիայի պատմության մեջ: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջոն Լեշերը, որը ռեժիսորի հետ աշխատել է «Պարեկ» ֆիլմի վրա:







































