Լեհաստանի Կրակով քաղաքում մինչև 2015թ. վերջը կստեղծվի ՆԱՏՕ-ի փորձագիտական և ուսումնական կենտրոն՝ հակահետախուզություն իրականացնելու և ահաբեկչությանը դիմակայելու համար: Այս մասին գրում է գերմանական Die Welt թերթը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի կենտրոնում կտեղակայվեն 40-70 զինծառայողներ: Ենթադրվում է, որ նրանց մեջ կլինեն նաև Գերմանիայի քաղաքացիներ:
Հոկտեմբերի 3-ին Սլովակիան և Լեհաստանը համաձայնագիր են ստորագրել Կրակովում միացյալ կատարելագործված հակահետախուզության կենտրոն հիմնելու վերաբերյալ: Հաստատության մի մասնաճյուղը կտեղակայվի Սլովակիայի Լեշտ քաղաքում:
2015թ. օգոստոսի 25-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտահայտվել էր հօգուտ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայման: Նա նշել էր, որ «բարեկամական զինված միավորումները պետք է գտնվեն այնտեղ, որտեղով անցնում է դաշինքի իրական սահմանը. դա արդարացի է պատմական տեսանկյունից»:
Դուդան նշել էր, որ ուկրաինական ճգնաժամը անհրաժեշտ է լուծել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջոցով:










































